Երեկ Հայաստանն ու Եվրամիությունը նախաստորագրեցին երկկողմ հարաբերությունների նոր համաձայնագիրը՝ Ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագիրը: Սա, իհարկե, վերադարձ չէ 2013-ին, բայց 2013-ին այս համաձայնագիրը պատկերացնելը դժվար էր, երբ հրապարակավ հայտարարվում էր, որ Հայաստանն իրեն երկրորդ գոտի տեղափոխեց ու համապատասխանաբար փոխվեց ԵՄ վերաբերմունքը: Հիմա 2017-ն է, 4 տարում ոչ միայն Հայաստանը, ԵՄ-ն ու աշխարհը փոխվեցին: Երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 26-28-ին Բրյուսելում էր, հայտարարվեց ՀՀ-ԵՄ բանակցությունների ավարտը, չասվեց, բայց ենթադրվում էր, որ համաձայնագիրը կստորագրվի Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո, ամենաշուտը՝ մայիսին: Չէր նշվել և նախաստորագրման ժամկետ: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հույս էր հայտնել, որ համաձայնագիրը կստորագրվի անցնող տարում:
Իհարկե, նախաստորագրումը դեռ չի նշանակում համաձայնագրի ստորագրում, և ունի ավելի շատ քաղաքական, քան իրավական նշանակություն այս պահին: Հայաստանում խորհրդարանական ընտրություններից առաջ ԵՄ-ի հետ համագործակցության համաձայնագրի նախաստորագրումը կարող է վկայել.
1. ԵՄ-ի մեծ ուշադրությունը ԱԺ ընտրություններին, ընտրությունների ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացման կարևորումը:
2. Բացի 7 միլիոն եվրո հատկացնելը ընտրական վերահսկողության մեխանիզմների ձևավորման համար, ԵՄ-ն անհրաժեշտ է համարում իրավական ու քաղաքական աջակցության հրապարակային դրսևորումը:
3. Այս փաստաթղթի նախաստորագրումը քարոզչական աջակցություն է խորհրդարանական ընտրություններում ներկայացված այն ուժերին, որոնք Հայաստանի հետագա զարգացումը տեսնում են եվրոպական մոդելով:
4. Համաձայնագրի նախաստորագրումը հանում է մտավախությունը, որ Ռուսաստանը նորից կկասեցնի ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումը, ինչպես եղավ ասոցացման համաձայնագրի հետ և չորս տարվա բանակցություններից հետո պատրաստի համաձայնագիրը մի կողմ դրվեց ու ՀՀ-ն անդամակցեց Մաքսային միությանը: Մոսկվան այս անգամ չբարձրաձայնված վետո չի դնի:
5. Այն ժամանակ՝ Կրեմլի համար կարևորն էր ձախողել Վիլնյուսի ԵՄ գագաթնաժողովի տրիումֆը, որ ստացվեց: Ռուսաստանը Հարավային Կովկասը ամբողջությամբ չկորցրեց՝ Վրաստանը գնաց դեպի ԵՄ և ՆԱՏՕ, իսկ Հայաստանը մնաց ռուսական ազդեցության գոտում: Բայց այս ամբողջ ընթացքում կա ՈՒկրաինայի խնդիրը, որ կողմերին ստիպում է շատ տեսակետներ վերանայել:
6. Հիմա Մոսկվային նաև ԵՄ-ի հետ հարաբերությունները վերականգնելու կամուրջ է պետք, որ կարող է դառնալ Հայաստանի հետ ԵՄ համաձայնագրի ստորագրումը:
7. Եթե ԵՄ-ն երբևէ որոշի լուրջ վերաբերվել ԵԱՏՄ-ին ու համագործակցության մեջ քաղաքական ու տնտեսական իմաստ տեսնի, Հայաստանը այս դեպքում էլ կարող է երկու կողմերի համար շփումների հարթակ դառնալ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ԵՄ-ի և ՀՀ-ի Ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագիրը դեռ պետք է ստանա ԵՄ բոլոր անդամների հավանությունը, որից հետո միայն ներկայացվի վերջնական ստորագրման, իսկ դա բացի քաղաքական խնդիրներից, նաև ժամանակ է պահանջում: Եթե աշխարհաքաղաքական անակնկալ զարգացումներ չլինեն, փաստաթուղթը կստորագրվի: Բացի քաղաքական ու քարոզչական աջակցությունից երեկվա նախաստորագրումը ՀՀ-ի համար նաև պատասխանատվություն է՝ պարտավորություն լեգիտիմ ընտրություններով լեգիտիմ իշխանության ձևավորման: Փաստորեն՝ ընտրարշավում լինում են նաև հաճելի անակնկալներ: